ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ

Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ
20.12.2016 | 11:08

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ
Կանգնած լինելով մեր պետության և բանակի ստեղծման ակունքներում, իսկ վերջին 17 տարիները ղեկավարելով ԼՂՀ և ՀՀ պաշտպանական գերատեսչությունները՝ այսօր չեմ կարող հանգիստ և անտարբեր դիտորդի կարգավիճակով հետևել երկրում ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին: Երբ երկրում կառավարման նոր համակարգ են փորձում ձևավորել՝ պայմանավորված սահմանադրական փոփոխություններով, ապա յուրաքանչյուր կարող ուժ՝ քաղաքացի, քաղաքական կուսակցություն, իրավո՛ւնք ունի և պարտավո՛ր է իր ներուժը ծառայեցնել այդ զարգացումներին:


Տեղեկացնում եմ, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ եմ տվել հանգիստ և առանց զգայական զեղումների, հետագայում մերժել եմ ինձ առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները, քանի որ ցանկանում եմ իմ փորձը, գիտելիքները և ջանքերը ինքնուրույն ներդնել մեր պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար: Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման:
Ինձ համար քաղաքական գործընթացներում հայտ ներկայացնելը ինքնանպատակ չէ, այլ Հայրենիքին ծառայելու նոր ինքնադրսևորում: Քաղաքական կառավարման կայացած համակարգերում կարևոր են տարբեր դիրքորոշումներն ու բազմակարծությունը, որոնք հետագայում հիմք են դառնում նոր վերադասավորումների և վերախմբավորումների. «Եթե չկա երկրորդ կարծիք, ապա ինչի՞ց ընտրել լավագույնը»: Ես կտրականապես մերժում եմ, երբ քաղաքական գործիչների կարծիքների և տեսակետների բախումը վերածվում է ծայրահեղ հակամարտության, փոխադարձ թշնամանքի և ատելության: Դեմ եմ, երբ այլակարծությունը դառնում է քաղաքական հետապնդումների, զրպարտության, հայհոյախոսության թատերաբեմ: Ընտրապայքար մտնող բոլոր քաղաքական ուժերը և գործիչները պարտավոր են դրսևորել միմյանց հանդեպ փոխադարձ հարգանք և զսպվածություն:


Սահմանադրական փոփոխություններից հետո առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը արմատապես տարբերվում են մյուսներից, քանի որ անցում է կատարվել պետական կառավարման խորհրդարանական համակարգին: Այսինքն՝ մեզ սպասվում են ոչ թե սովորական ընտրություններ, այլ ընտրություններ, որոնք իրենց կարևորությամբ հավասարազոր են մինչ այժմ տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Նախագահական և ԱԺ ընտրությունները փոխարինվելու են մեկ՝ խորհրդարանական ընտրությամբ, որի արդյունքում ձևավորվելու է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունը:
Կարևորելով առաջիկա գործընթացները՝ ես սկսել եմ խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ: Իմ նպատակն է ակտիվորեն մասնակցել 2017 թ.-ի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով համախոհների թիմ, իսկ քաղաքական մասնակցության համար գտնել առավել արդյունավետ ձևաչափ, որը հանրությանը կներկայանա իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձևավորելու նոր որակի քաղաքական և տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ:
Ես իմ հետագա գործունեության ընթացքում, ինչպես նախկինում, մշտապես կանգնած եմ լինելու իմ ժողովրդի, իմ ծառայակից և մարտական ընկերների, մտավորականության, ուսանողության, սահմանին ապրող բնակիչների կողքին:


Տեսակետներս և մտահոգություններս հասարակությանը առանց միջնորդների ներկայացնելու, միևնույն ժամանակ՝ հետադարձ կապով մարդկանց լսելու, քաղաքացիների տեսակետներին ու մտահոգություններին անմիջապես ծանոթանալու նպատակով որպես միջոց կօգտագործեմ նաև իմ նորաբաց ֆեյսբուքյան էջը, քանի որ տեղեկատվական աշխարհում համացանցը հասարակության հետ շփման լայն հնարավորություններ է տալիս:
Առաջիկայում ընտրական գործընթացների հայտնի ձևաչափերում ես հանգամանորեն կներկայացնեմ այն ծրագրերն ու դրույթները, որոնցով առաջնորդվելու եմ իմ քաղաքական գործունեության ընթացքում:


Հարգանքներով՝ Սեյրան Օհանյան

Դիտվել է՝ 2124

Մեկնաբանություններ